Կան բաներ, որոնց շուրջ չես կարող վիճել ՌԴ նախագահի հետ. Զելենսկին պատասխանել է Պուտինին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է ՌԴ նախագահ Պուտինին, որը, նախօրեին անդրադառնալով մինսկյան պայմանավորվածություններին, հայտարարել էր. «Դուր է գալիս, դուր չի գալիս, դիմացի՛ր, իմ գեղեցկուհի», գրում է currenttime.tv-ն:
«Երևի ռուսերեն պատասխանեմ, որ աֆորիզմի հեղինակը (Պուտինը-խմբ.) հասկանա իմ պատասխանը։ Իհարկե, կան բաներ, որոնց շուրջ չես կարող վիճել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Ուկրաինան իսկապես գեղեցկուհի է: Իսկ իր ասած «իմ»-ի առնչությամբ կասեմ, որ դա արդեն չափն անցել է: Ինչ վերաբերում է «Դիմացի՛ր, իմ գեղեցկուհուն», կարծում եմ, որ Ուկրաինան շատ համբերատար է, քանի որ դա իմաստություն է, քանի որ այն կարևոր է ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ Եվրոպայի համար։ Իսկ դա շատ կարևոր է ռուսների համար։ Որովհետև հակառակ կողմից էսկալացիան կախված է մեր համբերությունից։ Մենք պաշտպանում ենք մեր երկիրը, մենք մեր տարածքում ենք»,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի խոսքը. «դուր է գալիս, թե չէ, դիմացի՛ր, իմ գեղեցկուհի», որն առնչվում էր Կիևին և մինսկյան համաձայնագրերին: Նման արտահայտչամիջոց ՌԴ ղեկավարն օգտագործել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ավարտին կայացած համատեղ ասուլիսում:
Պեսկովի խոսքով՝ Պուտինը նկատի ուներ, որ Ուկրաինան պետք է կատարի ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Նախագահը նկատի ուներ, որ եթե պետությունը պատասխանատվություն է ստանձնել, եթե երկրի ղեկավարը ստորագրություն է դրել, ապա այդ պարտականությունները պետք է իրականացնել»,- ասել է Պեսկովը:
Պեսկովը նաև կատակել է, որ ֆրանսիացի լրագրողներին դժվար է եղել թարգմանել Պուտինի այդ խոսքերը:
«Ուկրաինայի գործող նախագահը վերջերս հայտարարել է, որ իրեն Մինսկի համաձայնագրերի կետերից ոչ մեկը դուր չի գալիս: Դուր է գալիս, դուր չի գալիս, դիմացի՛ր, իմ գեղեցկուհի, պետք է կատարել: Այլ կերպ չի լինի»,- ասել է Պուտինը ասուլիսի ժամանակ: