Ինչո՞ւ է COVID-19-ից հետո Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկն ավելանում
Կորոնավիրուսային վարակի ընթացքն Ալցհեյմերի հիվանդության նման նշաններ ունի: Այս մասին հայտնում են ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի գիտնականները։
Ըստ Alsheimer's and Dementia ամսագրի՝ կորոնավիրուսային վարակի ծանր ընթացքի դեպքում ուղեղի հատուկ ալիքներում արատներ են առաջանում։ Այդ ուղիները պատասխանատու են նեյրոֆիբրիլյար խճճվածքներում սպիտակուցի կուտակման համար:
Գիտնականները հետազոտել են COVID-19-ի պատճառով մահացած մարդկանց ուղեղը։ Պարզվել է, որ նրանց մոտ նեյրոնների բաղադրության մեջ նույն փոփոխություններն են, որոնք տեղի են ունենում Ալցհեյմերի հիվանդության ժամանակ: Ավելին, հանգուցյալների ուղեղում գիտնականները նաեւ ամիլոիդ սպիտակուցների բարձր մակարդակ են հայտնաբերել, որոնք բնորոշ են Ալցհեյմերի հիվանդությանը։
Գիտնականների կարծիքով՝ այս ամենը կարող է բացատրել կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ «գլխում մառախուղի» զգացումը։ Գիտնականները վստահ են, որ COVID-19-ը կարող է ապագայում մեծացնել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը։