Քուվեյթի իշխանությունները Գալ Գադոթի պատճառով արգելել են «Մահը Նեղոսի վրա» ֆիլմի ցուցադրությունը
Քուվեյթում իսրայելական ծագում ունեցող դերասանուհի Գալ Գադոթի պատճառով արգել են ռեժիսոր Քեննեթ Բրանի «Մահը Նեղոսի վրա» ֆիլմի ցուցադրությունը, հայտնում է The Times of Israel-ը։
Ագաթա Քրիստիի վեպի էկրանավորումը պետք է վարձույթում հայտնվեր այս ամիս։ Նշվում է, որ երկրի իշխանություններն արգելել են ժապավենի ցուցադրությունը սոցիալական ցանցերում քննադատությունից հետո։ Օգտատերերը հիշեցրել են, որ Գադոթը ծառայել է Իսրայելի բանակում։ Իսրայելն ու Քուվեյթը դիվանագիտական հարաբերություններ չունեն, Քուվեյթն արգելում է իր տարածք մուտք գործել բոլոր նրանց, ովքեր իսրայելական անձնագիր ունեն։
Քուվեյթում նախկինում արգելվել է Գադոթի մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ՝ «Հրաշք կինը»։ Դերասանուհին վիրավորանքների պատճառով նույնիսկ ստիված է եղել Twitter-ում անջատել մեկնաբանությունների հնարավորությունը։