Եթե հարաբերություններում նոր խնդիր չառաջանա, հավատում եմ, որ նախապաշարմունքները կփոխվեն. Օսման Քավալա. «Ազատություն»
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով, կալանավորված հասարակական գործիչ Օսման Քավալան բանտից «Ակոս» պարբերականին տված հարցազրույցում դրական է գնահատել երկուստեք հատուկ բանագնացների նշանակումը՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ անկեղծ բարեկամության համար բավականին ժամանակ կպահանջվի։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
«Անադոլու Քյուլթուր» հասարակական կազմակերպության գործադիր նախագահը, որը Թուրքիայի քաղաքացիական հասարակության ամենահայտնի գործիչներից է, նախքան չորս տարի առաջ բանտում հայտնվելը ակտիվ դեր ուներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հանրային դիվանագիտության ասպարեզում։ Քավալան նամակագրության միջոցով է պատասխանել «Ակոսի» լրագրողի հարցերին։
«Անկեղծ բարեկամության տարածման համար ժամանակ կպահանջվի: Եթե հարաբերություններում նոր խնդիր չառաջանա, հավատում եմ, որ նախապաշարմունքները կփոխվեն։ Եթե հանրային ուժերի, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ անկեղծ խաղաղ գործընթաց ընթանա, ապագային միտված հույսերը կկենդանանան և ժամանակի ընթացքում վշտերը կմնան մշուշե վարագույրի հետևում»,- ասել է Քավալան:
Անվանի հասարակական գործիչը տարիներ շարունակ պայքարել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար:
Տարիներ առաջ նա այցելել էր Երևան, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ և թուրք հասարակություններին լավ ճանաչող 64-ամյա Քավալան համարում է, որ մշակութային առումով հայերն ու թուրքերը իրար մոտ ժողովուրդներ են և շատ ընդհանրություններ ունեն: Սակայն քաղաքական և գաղափարախոսական խնդիրների պատճառով ամեն ինչ փոխվում է:
Անդրադառնալով ղարաբաղյան վերջին պատերազմին՝ Քավալան կարծիք է հայտնել, որ տարածաշրջանում ծագած պատերազմները հնարավոր էր կանխել, սակայն քաղաքական գործիչները այլ ճանապարհով գնացին:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացի մասին՝ Քավալան նկատում է, որ այժմ կողմերը կարծես ուղիղ բանակցություններ են սկսել՝ առանց քաղհասարակության ներգրավման: Նրա համոզմամբ, իրական խաղաղության համար անհրաժեշտ է, որ երկխոսություն լինի և՛ կառավարությունների, և՛ քաղհասարակությունների միջև:
«Եթե քաղաքական գործիչները լուծում չկարողանան գտնել և ջանքեր չգործադրեն, քաղաքացիական նախաձեռնությունների ազդեցությունը սահմանափակ կլինի։ Բացասական քաղաքական գործընթացները ևս վատ են անդրադառնում քաղհասարակության աշխատանքի վրա: Սրան ի հակառակ, քաղաքական հարթակում սկսված երկխոսությունները քաղհասարակության համար էլ աշխատելու լայն դաշտ են ստեղծում, ինչն էլ նպասավոր միջավայր է ապահովում քաղաքական խնդիրների լուծման համար», - ասել է Քավալան:
Նրա համոզմամբ, հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ տարիներ շարունակ աշխատող հասարակական կազմակերպությունների և այս բնագավառում գործող բազմաթիվ մարդկանց միջև ամուր բարեկամական կապեր են հաստատվել, ինչը արժեքավոր հիմք է այս նոր գործընթացի համար. - «Այս առումով Հրանդ Դինքի հիմնադրամի ներդրումը շատ կարևոր է: Հավատացած եմ, որ ստեղծված վստահելի կապերն ու բարեկամությունը լավ ներդրում է ներկայիս գործընթացի համար և ավելի դյուրին է դարձնում երկխոսությունն ու համագործակցությունը»:
Օսման Քավալան անազատության մեջ է 2017 թվականի նոյեմբերից, ընդ որում՝ առանց դատավճռի: Նա մեղադրվում է 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու և Գեզի այգու հակաիշխանական ցույցերը կազմակերպելու համար։
Թուրք գործիչը հերքում է մեղադրանքները, իսկ ՄԻԵԴ-ը դեռ երկու տարի առաջ էր որոշել, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Նույն կոչը բազմիցս հնչեցրել են նաև Վաշինգտոնն ու Եվրամիության երկրները։