ԵՄ-ն նոր բազմամիլիարդանոց պետական հիմնադրամ է ստեղծում՝ տեխնոլոգիական ոլորտում ներդրումների խթանման համար
ԵՄ-ն նոր բազմամիլիարդանոց պետական հիմնադրամ է ստեղծում՝ Եվրոպայի տեխնոլոգիական ոլորտում ներդրումները մեծացնելու համար, որպեսզի թույլ տա նրան մրցակցել ԱՄՆ-ի եւ Ասիայի մրցակիցների հետ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը, փոխանցում է Reuters-ը։
Եվրոպական տեխնոլոգիական նորաստեղծ ընկերությունները ֆինանսավորման շատ ավելի բարձր մակարդակի կարիք ունեն, եթե Եվրոպան ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը արտասահմանյան տեխնոլոգիական հսկաներից, ասել է նա: Նա հավելել է, որ երեքշաբթի իր գերմանացի գործընկեր Քրիստիան Լինդների հետ միասն մանրամասն կպատմի նոր հիմնադրամի մասին՝ նշելով, որ հիմնադրամը կֆինանսավորի 10-ից 20 հիմնադրամ «նվազագույնը մեկ միլիարդ եվրո արժեքով՝ տեխնոլոգիայի չեմպիոններին ֆինանսավորելու համար»:
«Մեր վերջնական նպատակն է մինչեւ 2030 թվականը 10 տեխնոլոգիական ընկերություն ունենալ, որոնց արժեքը կգերազանցի 100 միլիարդ եվրոն»,- ասել է Լը Մերը՝ բացելով թվային ինքնիշխանությանը նվիրված համաժողովը:
Եվրոպական վենչուրային կապիտալի հիմնադրամները չափազանց փոքր են, որպեսզի կարողանան ֆինանսավորել եվրոպական տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկությունների զարգացումը, ուստի նրանք այլ ելք չունեն, քան դիմել շատ ավելի մեծ ամերիկյան ֆոնդերին:
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ եւ չինական շատ տեխնոլոգիական ընկերություններ իրենց զարգացման ինչ-որ փուլում պետական ֆինանսավորում են ստացել, ինչն անցյալում ավելի դժվար էր եվրոպական ընկերությունների համար՝ ԵՄ պետական օգնության խիստ կանոնների պատճառով: