«Ճիշտ ժամանակն էր նման ֆիլմի համար». «Գարուն ա…» ֆիլմի հիմնական գաղափարախոսությունն՝ ըստ ստեղծագործական կազմի
Մարտի 1-ին մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա…» ֆիլմը, որը ստեղծագործական կազմի խոսքով՝ պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին է:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, որը նաեւ մարնավորում է առանցքային կերպարներից մեկին, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանն է, սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, կոմպոզիտոր՝ Արման Էլբերտ։
«Գարուն ա…»-ի ստեղծման գաղափարն առաջացել է Ալեքսանդր Խաչատրյանի մոտ վեց տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի իրադարձությունների ընթացքում։
«Իմ կարծիքով՝ ֆիմը ստացվել է մեր, մեր հայրենիքի նկատմամբ մեր վերաբերմուքի, հայրենասիրության դրսեւորումների մասին: Սա ֆիլմ է, որտեղ կանք մենք, եւ կա պատերազմ... Սակայն մեր նպատակը պատերազմը ներկայացնելը չէր. այն գալիս է, որպես արդյունք՝ ավելի ցայտուն դարձնելու մեր վերաբերմունքը մեր երկրին»,- փետրվարի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ալեքսանդր Խաչատրյանը:
Անդրադառնալով սյուժեի ստեղծման նախապատմությանը՝ նա հավելեց,- «Մենք պարզապես զրուցում էինք, խոսում այն մասին, որ 2000 տարի անընդհատ բարոյական հաղթանակներ ենք ունեցել, եւ դրանից հետո կորցրել ենք տարածքներ, եւ, վերաջապես, ունեցանք մի բարոյական եւ նյութական հաղթանակ (խոսքն Արցախյան առաջին պատերազմի մասին է), երբ կարողացանք մեր տարածքներից մի փոքրիկ մաս վերադարձնել, սակայն այդ մասին չկար նորմալ ֆիլմ: Հարություն Ղուկասյանի հետ մտածեցինք, որ պետք է սցենար գրվի այդ մասին, եւ արդեն գրեթե սկսում էինք աշխատանքներն ու զուգահեռ մտորում՝ Աստված չանի, եթե հանկած կրկին պատերազմ սկսվի, ո՞վ է գնալու կռվի, որովհետեւ ժողովրդի մեջ հայրենասիրության, ազատության, անկախության այդ ոգեւորությունը, կարծես, չկար... Սկսվեց քառօրյան... եւ մեզ համար անակնկալ էր մեր ժողովրդի՝ մի մարդու նման կանգնելը, իսկ վերջին պատերազմի ժամանակ այլեւս դա անսպասելի չէր... Մտածեցինք հենց այս մասին խոսել՝ ոչ թե պատերազմի, այլ տվյալ երեւույթի մասին»:
«Գարուն ա…» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թ-ի ամռանը, սակայն ավարտին են մոտեցել 2021-ին: Սկզբում աշխատանքներն ընդհատվել են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, այնուհետեւ սկսվել էր պատերազմը...
«Այդ ժամանակ թվում էր, թե ուշացանք ներկայացնել մեր գաղափարը, բայց երբ նկարահանում էինք պատերազմական կտորները, հասկացանք, որ ճիշտ ժամանակն էր նման մի ֆիլմի, եւ այն հիմա շատ ավելի պետք է, քան երկու տարի առաջ»:
Ֆիլմի ընթացքում հանդիսատեսն ականատես կլինի մի ամբողջ ազգի ողբերգությանը՝ մի ընտանիքի պատմության միջոցով: Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, բիզնեսմեն է. մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լեւոնը, վիրտուոզ երաժիշտ է, որը ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ։ Սակայն հերոսի կյանքում ապագան եւ հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը: Գործող հերոսներին մարմնավորում են Ալեքսանդր Խաչատրյանը, Լեւոն Հախվերդյանը, Արմեն Մարգարյանը, Մարջան Ավետիսյանը, Եվա Զոհրաբյանը, Շանթ Հովհանիսյանը, Ալիս Կապլանջյանը, Վահագն Մարտիրոսյանը, Սաթենիկ Հազարյանը, Նարինե Պետրոսյանը, Թումաջ Դանեշ Բեհզադին եւ այլք։
«Այս ֆիլմն ինքնանպատակ չի եղել, այն ունի իր հաղորդագրությունը, որպեսզի ցանկացած մարդ, ցանկացած հայ տեսնի, կարողանա ինչ-որ բան քաղել ֆիլմը դիտելուց հետո: Այս ֆիլմով մենք, կարծես, նոր իդեալ, հերոսի նոր տեսակ ենք առաջ քաշում, որի հայրենասիրությունը սահմաններ չունի: Նա զորացրված սպա է, որը հայրենիքն ամեն ինչից վեր է դասում, նույնիսկ՝ սեփական ընտանիքից, եւ նրա խոսքով՝ հայրենիքը զուտ հողակտոր չէ, այն սկսվում ամեն անհատի պատասխանատվությունից, եւ սիրուց առ հայրենիք, ընտանիք ու հասարակություն: Նա համոզված է, որ հենց այդ գաղափարը կարող է հիմք ծառայել առողջ հասարակության եւ հզոր պետականության համար»,-նշեց ռեժիսոր Ռոման Մուշեղյանը:
Ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ArLeAM-ի աջակցությամբ։
«Մեր ֆիլմի հովանավորության մեջ չկա ոչ մի կուսակցություն, ոչ մի քաղաքական շարժում ու ոչ մի քաղաքական պատվեր: Կուսակցություններից եւ ոչ մեկը չի իմացել, որ մենք նման ֆիլմ ենք նկարահանում, այնպես որ՝ խնդրում եմ, որ ոչ ոք չփորձի այն քաղաքականացնել»,-շեշտեց Ալեքսանդր Խաչատրյանը: