Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 8-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 8-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից: Պեկին-2022-ի մեդալային չորրորդ օրը մեկնարկ դուրս կգա դահուկավազորդ Կատյա Գալստյանը:
Երեւանի ժամանակով 12:00-ին կմեկնարկի կանանց դահուկավազքի մրցաշարը: Կատյա Գալստյանը կպայքարի արագավազք մրցաձեւում:
Կատյա Գալստյանը ծնվել է 1993 թվականի հունվարի 1-ին, Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Հարթաշեն գյուղում: Դահուկավազորդի մարզական կարիերան սկսել է 16 տարեկանից: Հայաստանի բազամկի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի մասնակից:
Պեկին-2022-ը Կատյա Գալստյանի երրորդ Օլիմպիական խաղերն է: 29-ամյա դահուկավազորդը մասնակցել է նաեւ Սոչի-2014-ին եւ Փհենչան-2018-ին:
Սոչի-2014-ը Կատյա Գալստյանի առաջին Օլիմպիական խաղերն էին: Ուղեգիրը ստացել էր սպիտակ քարտի միջոցով: Սոչիում Հայաստանի միակ կին օլիմպիականը մասնակցել է 10 կմ դասական ոճում եւ 75 մասնակիցների մեջ զբաղեցրել 64-րդ տեղը՝ գրանցելով 35 րոպե 24.6 վայրկյան արդյունք:
Մարզական կարիերայի երկրորդ Օլիմպիական խաղերում՝ Փհենչան-2018-ում, Կատյա Գալստյանը մասնակցել է նույն՝ 10 կմ դասական ոճում, որտեղ 30 րոպե 25.1 վայրկյան արդյունքով 90 մասնակիցների մեջ գրավել է 72-րդ տեղը։
2019 թվականին Գալստյանը Լիբանանում անցկացված դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի խաղարկությունում 5 կմ ազատ ոճում դարձել է ոսկե մեդալակիր, 2021 թվականին Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում տեղի ունեցած դահուկավազքի դասակարգման փուլում 5 կմ դասական ոճում 43 մասնակիցների մեջ երրորդ տեղի արդյունք է գրանցել:
Պեկին-2022-ի ուղեգիրը Գալստյանը նվաճել է վարկանիշով: