Ինչ է ասել հեղինակավոր կազմակերպությունը ՀՀ իշխանությունների մասին նախկինում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամենեւին առաջին անգամ չէ, երբ Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է ՀՀ իշխանություններին: Այս անգամ նրանց մտահոգել է Հայաստանում պետական ծառայողներին վիրավորելու համար հարուցված 260 քրեական գործերը։ Այդ պատճառով իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ խորհրդարանին կոչ է արել չեղարկել օրենսդրական այդ նորմը։ Նախկինում այլ կոչեր եւս եղել են:
Օրինակ՝ 2021 թվականի սեպտեմբերին նրանք եւս նույն կոչով էին հանդես եկել՝ ասելով, թե պետք է չեղարկել այդ օրենքի կիրառումը, իսկ, ահա, հունիսին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության եւ բռնության խոսքի կիրառման կապակցությամբ: Նախորդ տարի էլ իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit. Antidemocratic Turn («Անցումային շրջանի երկրներ. հակաժողովրդավարական շրջադարձ») զեկույցը, ըստ որի՝ Հայաստանի գնահատականը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ընկել էր:
«Հեղափոխությունից հետո երկրում առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշը նվազել է, եւ այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ լարվածությունը զինվորականների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ (երբ ԳՇ-ն պահանջում էր նրա հրաժարականը-խմբ.), ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է սրվել»,- նշել էին զեկույցի հեղինակները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: