Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G500–ն ու Toyota Land Cruiser-ը. վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Երևանի գնդի պարեկները
Ժամը 20:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ - Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 38-ամյա Արթուր Սահակյանի վարած Mercedes G 500 մակնիշի 007 ՍՍ 01 համարանիշի և 60-ամյա Ռոբերտ Մանուկյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների կողմից տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Հարությունյանն ու Ազատ Ղազարյանը:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: