Երկխոսությունը Ռուսաստանի հետ թույլ կտա ապահովել անվտանգությունը Եվրոպայում. Մակրոն
Երկխոսությունը Ռուսաստանի հետ Եվրոպայում կայունության և անվտանգության հասնելու գլխավոր միջոցն է: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Մենք լիարժեք և բաց երկխոսության հիմքը դրել ենք 2019 թվականին»,- ասել է Մակրոնը՝ հիշեցնելով իրենց միջև տեղի ունեցած զրույցները Բրեգանսոնում և Սանկտ Պետերբուրգում:
«Կարծում եմ, որ երկխոսությունն այժմ արդիական է ավելի, քան երբևէ: Այս երկխոսությունն անհրաժեշտ է. միայն այն թույլ կտա անվտանգություն և կայունություն ապահովել եվրոպական մայրցամաքում»,- հավելել է ֆրանսիացի առաջնորդը Մոսկվայում անցկացվող հանդիպման ժամանակ:
Վերջինս ընդգծել է, որ «այժմ ճգնաժամային իրավիճակ է Եվրոպայում», և ընդգծել է, որ բոլոր կողմերը «պետք է պատասխանատվություն դրսևորեն»:
«Ուրախ եմ, որ կարող եմ մանրամասն քննարկել բոլոր հարցերը, և մենք կկարողանանք հավաքական պատասխանի որոնումներ սկսել, որն օգտակար կլինի Ռուսաստանի և ողջ Եվրոպայի համար: Այդ պատասխանը թույլ կտա խուսափել պատերազմից և կայունություն, թափանցիկություն և վստահություն կառուցել բոլորի համար»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: