COVID-19-ով պացիենտների բուժմամբ Հայաստանում զբաղվում է 13 բուժկենտրոն. 53 պացիենտ արհեստական շնչառության սարքերի են միացած
COVID-19-ով պացիենտների բուժմամբ Հայաստանում այս պահի դրությամբ զբաղվում է 13 բուժկենտրոն եւ հիվանդանոցների բաժանմունք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային վարակով պացիենտների համար նախատեսված մահճակալային ֆոնդը բաղկացած է 1674 մահճակալներից, որոնցից 282-ը վերակենդանացման մահճակալներ են:
Նախարարության մասնագետների խոսքով՝ կորոնավիրուսային վարակի բուժմամբ զբաղվող բուժկենտրոնների քանակն ու մահճակալային ֆոնդը կախված են համաճարակաբանական իրավիճակից: Երբ հիվանդացությունն աճում է, մահճակալային ֆոնդը ծավալվում է, իսկ երբ պացիենտների թիվը նվազում է, ամբողջ բաժանմունքներ դադարում են զբաղվել միայն COVID-19-ի բուժմամբ եւ վերադառնում են բնականոն աշխատանքին:
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածմանը զուգընթաց COVID-19-ով հիվանդացությունը երկրում աճում է: Այս պահի դրությամբ փաստացի բուժվում է 28 951 պացիենտ, սակայն մեծ մասը ստանում է ամբուլատոր բուժում: 457 քաղաքացի ծանր վիճակում է գտնվում, 100 պացիենտների վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր, իսկ 53 պացիենտ միացած է թոքերի արհեստական օդափոխության սարքերին:
Հիշեցնենք, որ Հայաստանում փետրվարի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1631 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 391588 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2783288 վերջին մեկ օրում` 4803 նոր թեստավորում:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 8097 է: