Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկացել է մսագործ դառնալ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ մասնակցել է իտալական հեռուստատեսության թոք-շոուին։ Կիրակի երեկոյան RAI պետական հեռուստատեսության երրորդ ալիքով հովվապետը պատմել է, որ մանուկ հասակում ցանկացել է մսագործ դառնալ, ինչպես նաեւ հիշատակել է սիրած գրողի մասին։
Նա մտաբերել է, որ շուկայում տեսել է մսագործի տաղավարը, մսագործը գրպանով գոգնոց էր կապել, որտեղ փողերն էր դնում։ «Եվ ես ասացի, որ կուզենայի մսագործ դառնալ։ Երբ ինձ հարցրին, թե ինչու, ես պատասխանեցի. «Տեսեք ինչքան շատ փող ունի»,- հիշել է Արգենտինա տեղափոխված իտալացի վտարանդիների որդին։ Ֆրանցիսկոսը պատմել է նաեւ, որ հրապուրված է եղել քիմիայով, ինչը մղել է նրան փորձել բժիշկ դառնալ։ «Ես 19 տարեկանում պատրաստվում էի ընդունվել բժշկական ֆակուլտետ, բայց երբ եկավ կոչման ժամանակը, ճեմարան ընդունվեցի»,- ասել է հովվապետը։
Նա հումորի զգացումը դեղ է անվանել եւ հիշել է հատուկ աղոթքի մասին։ Հարցազրույցում Հռոմի պապը հիշատակել է Ֆյոդոր Դոստոեւսկուն, որի մասին բազմիցս ասել է, որ իր սիրելի գրողն է։ «Կա հարց, որի պատասխանը երբեք չեմ կարողացել գտնել. ինչո՞ւ են տառապում երեխաները։ Բայց ես պատասխան չունեմ, պարզապես պատասխան չկա։ Եվ այդ հարցին կարող եմ միայն պատասխանել, որ պետք է տառապել նրանց հետ միասին։ Այս հարցում Դոստոեւսկին ճիշտ էր»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։
Հովվապետհը նաեւ բացատրել է, թե ինչու է իր համար շփումն անհրաժեշտ։ «Ես այդքան էլ սուրբ չեմ, ինձ մարդիկ են հարկավոր, ուստի ես չեմ ապրում Առաքելական հարկաբաժնում, մնացել եմ «Սանտա Մարթայում»։ Ինձ ընկերներ են պետք, ես շատ ընկերներ չունեմ, բայց նրանք իսկական են։ Ընկերներս ինձ օգնում են, գիտեն իմ կյանքի մասին, ինձ դուր է գալիս լինել ընկերների շրջապատում։ Ընկերներս ինձ ուժ են տալիս»,- խոստովանել է Հռոմի պապը։
Նա նաեւ պատմել է, որ շատ է սիրում դասական երաժշտություն եւ տանգո։