Մեր պահանջներին ավելացել է ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը. Վարորդներ
Մեր պահանջներին ավելացել է ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողներին հայտնեցին ԱՊՊԱ-ի վճարների դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդները:
«Սակայն մեր հիմնական պահանջը մնում է այս նոր որոշման չեղարկումը, երկրորդը՝ ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը, իսկ երրորդի մասին կխոսենք ավելի ուշ: Մենք գնալու ենք մինչեւ վերջ, մինչեւ հասնենք արդյունքի: Մեր ակցիաները դեռեւս խաղաղ է, եթե այդ ամենն արդյունք չտվեց, մեր ակցիաները վերածվելու են անհնազանդության ակցիաների»,-ասաց ակցիայի վարորդներից մեկը:
Նրանց վրդովվեցրել է, որ ԱՊՊԱ բյուրոյի պետը հարցազրույցում հայտարարել է, թե անկարգ վարորդներն են դուրս եկել ակցիայի. «Ես երկար տարիների վարորդ եմ, մի հատ վթար չունեմ: Բայց կարող է լինել իրավիճակ, որ մերկասառույցի պատճռով գնացի, խփեցի մի թանկանոց մեքենայի: Իմ ԱՊՊԱ-ն 300 տոկոսով թանկանալու է: Այսինքն մենք այդ 3 հազար դրամ թանկանալու դեմ չենք պայքարում»,-ասաց նա:
Մեկ այլ վարորդ էլ պատմեց, որ վերջերս Դալմայի մոտ մերկասառույցի պատճառով մեքենան անկառավարելի է դարձել, մի կերպ կարողացել է վթարից խուսափել. «Բայց իմ կողքով գալիս էր մի «Մերսեդես G-Wagen», հայերիս աս՝ «Յաշիկ»: Եթե բախվեի այդ մեքենային, վնասը շատ էր լինելու: Ես ոչ մի վթար չունեմ, բայց եթե վթար լիներ, իմ ԱՊՊԱ-ն 300 տոկոսով թանկանալու էր, ինչի՞ համար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարորդներն այսօր՝ փետրվարի 7-ին հերթական բողոքի ակցիան են իրականացրել ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից: Նրանք հավաքվել են Շահումյան հրապարակից, որտեղից երթով շարժվել են դեպի ապահովագրական բյուրո:
Հունվարի 31-ին եւ փետրվարի 3-ին եւս վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում եւ ԿԲ շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել էին Հանրապետության հրապարակում: Ոստիկանները երկու դեպքում էլ բերման էին ենթարկել վարորդներից մի քանիսին:
Նշենք, որ ԱՊՊԱ վճարների թանկացման վերաբերյալ կարգավորումներն ուժի մեջ են մտնում այսօրվանից: Ըստ այդ փոփոխությունների ԱՊՊԱ-ի վճարը թանկանում է 3 հազար դրամով: Բացի դրանի, եթե վթար է լինում, որի վնասը անցնում է 1 մլն դրամից, ապա վճարը 300 տոկոսով թանկանում է: