Սոցհարցման արդյունքներով Հարավային Կորեայում առջևում է նախագահի ընդդիմության թեկնածուն
Կորեայի Հանրապետության նախագահի թեկնածու Յուն Սոկ Յոլը «Քաղաքացիական ուժ» ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունից ժողովրդականությամբ 5,3 տոկոսով գերազանցում է կառավարող «Տոբուրո» Ժողովրդավարական կուսակցության իր մրցակցին՝ Լի Չժե Մյոնին։ Այս մասին վկայում են երկուշաբթի հրապարակված սոցհարցման արդյունքները։ Սոցհարցումը փետրվարի 2-4-ն իրականացրել է Realmeter սոցիոլոգիական գրասենյակը երկրի 1,5 հազար չափահաս բնակիչների շրջանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ Յուն Սոկ Յոլին աջակցություն է հայտնել հարցվածների 43,4 տոկոսը՝ 3,2 տոկոսով ավելի, քան նախորդ հետազոտության արդյունքներով։ Լի Չժե Մյոնի աջակցության մակարդակը կազմել է 38,1 տոկոս, ինչը 0,4 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ շաբաթ։ Երրորդ տեղում Ժողովրդական կուսակցության թեկնածու Ան Չխոլ Սուն է, որին կողմնակից է հարցվողների 7,5 տոկոսը։
Երկրի գործող նախագահ Մուն Չժե Ինի աշխատանքը բացասական է գնահատել հարցման մասնակիցների 54,4, դրական՝ 42,2 տոկոսը։ Սա վատ արդյունք չէ, քանի որ երկրի նախորդ շատ առաջնորդների վարկանիշը իրենց նախագահության վերջին մեկ տարում հաճախ 10 տոկոսից ցածր է եղել, նշում են հարավկորեացի քաղաքագետները։
Հարցումը նաեւ ցույց է տվել, որ «Տաբուրո» Ժողովրդավարական կուսակցության աջակցության մակարդակը կազմել է 37,6, իսկ «Քաղաքացիական ուժ» կուսակցությանը՝ 39,4 տոկոս։ Տվյալների մշակման ժամանակը վրիպումը կազմել է 2,5 տոկոս՝ արժանահավատության 95 տոկոսանոց մակարդակի դեպքում։
Երկուշաբթի օրը Կորեայի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) տեղեկացրել է, որ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը տեղի կունենա փետրվարի 13-ին եւ 14-ին, ինչից հետո կմեկնարկի 22-օրյա քարոզարշավը։ Ընտրությունները նախատեսված են մարտի 9-ին։