Աբստրակտ էքսպրեսիոնիզմի գլուխգործոց. շվեյցարական թերթը՝ Արշիլ Գորկու հայտնաբերված նկարի մասին
Արշիլ Գորկու՝ նոր գտնված կտավի ջերմ գույների և երկնային լույսի տակ նրա կյանքի մեծ ցավն է։ Այդ մասին գրել է շվեյցարական Neue Zurcher Zeitung թերթը՝ վերջերս գտնված նկարի մասին հոդվածում, գրում է «Sputnik Արմենիա»-ն:
Հայտնի The Limit («Սահմանը», 1947թ․) կտավի տակ նկարչի դուստրերը ներկի տարօրինակ հետքեր են նկատել։ Պարզվել է, որ կտավի տակ թղթե նկար կա։ 2020թ․-ի վերջին սկսվել է նկարի վերականգնումը։
Եթե «Սահմանը» պատկերված է հիմնականում մոխրականաչ գույներով, ապա դրա տակ հայտնաբերված նկարը, որը պայմանականորեն անվանել են Virginia Summer («Ամառը Վիրջինիայում»), ներկայացնում է կապույտ լույսով և արևի շողերով լուսավորված սենյակ՝ գարնանային երկնքի շնչով լցված։
«Այստեղ կարելի է տեսնել անցյալի և ապագայի միջև ազատ լողացող հիշողությունը։ Նրա հայկական մանկության ամառը՝ իր վառ բույրերով ու գույներով, և ամառը գյուղական Վիրջինիայում՝ դրանք հեշտությամբ միահյուսվում են։ Բայց լույսով լի այդ թեթևության տակ ընկած է նկարչի ծանր ճակատագիրը, որի մայրը մահացել է սովից՝ Ցեղասպանության տարիներին»,-գրում է պարբերականը։
Արշիլ Գորկին ամերիկահայ նկարիչ է, Նյու Յորքի աբստրակտ էքսպրեսիոնիզմի դպրոցի կենտրոնական դեմքերից մեկը․ այդ ժանրը հայտնի է Ջեքսոն Պոլլոկի, Վիլեմ դե Կունինգի և այլոց անուններով: