Օտտավան արտակարգ դրություն է հայտարարել բողոքի ցույցերի պատճառով
Օտտավայի վարչակազմը քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բեռնատարների վարորդների մասնակցությամբ բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական CBC հեռուստաալիքը։
«Արտակարգ դրության հայտարարումն արտացոլում է շարունակվող ցույցերի հետեւանքով քաղաքի բնակիչների անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգը եւ ընդգծում է այլ իրավասությունների եւ կառավարման մակարդակների աջակցության անհրաժեշտությունը»,- ասվում է քաղաքապետ Ջիմ Ուոթսոնի հայտարարության մեջ:
Ավելի վաղ քաղաքապետը հայտարարել էր, որ Օտտավայի իշխանություններն ու ոստիկանությունն այլեւս չեն վերահսկում ցույցերի հետ կապված իրավիճակը։ Փետրվարի 5-ին ոստիկանապետ Փիթեր Սլոլին նույնպես խոստովանել է, որ ցույցը դադարեցնելու համար անձնակազմի պակաս ունի։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ շաբաթ, երբ տեղի բնակիչներն ու այլ քաղաքներից ժամանած քաղաքացիներն իրենց հանգստյան օրը միացան բողոքի ակցիային, ցուցարարների թիվը հասավ 5 հազարի։
Ցուցարարները պահանջում են դաշնային եւ տարածաշրջանային իշխանություններից վերացնել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները։ Վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ նրա ընտանիքը, անվտանգության նկատառումներից ելնելով, հունվարի 29-ին լքել են իրենց մայրաքաղաքային նստավայրը, իսկ երկուշաբթի հայտարարել են, որ իրենք վարակվել են կորոնավիրուսով։ Նա ասել է, որ մտադիր չէ բանակցությունների մեջ մտնել Օտտավայի ցուցարարների հետ՝ նրանց մարգինալ փոքրամասնություն անվանելով: