ԱՄՆ-ն հայտարարում է Ուկրաինայում պատերազմի դեպքում «Հյուսիսային հոսք 2»-ի դադարեցման մասին
ԱՄՆ կառավարությունը վերահաստատել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի դադարեցման հնարավորությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման դեպքում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ելույթ է ունեցել NBC հեռուստատեսությամբ։ «Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, «Հյուսիսային հոսք 2» նախագիծն այս կամ այն կերպ առաջ չի շարժվի։ Եվ Ռուսաստանը հասկանում է, որ մենք մեր գործընկերների հետ համակարգված ենք գործում»,- ասել է Սալիվանը։
Հարցին՝ արդյո՞ք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կհայտարարի գազատարի դեմ միջոցառումների մասին երկուշաբթի Վաշինգտոն կատարելիք այցի ժամանակ, Ջեյք Սալիվանը պատասխանել է, որ թող Գերմանիայի կանցլերն ինքը հայտարարի Բեռլինի մտադրությունների մասին։
Գերմանիայի հանձնառությունը գազատարի գործարկմանը, որը գազը կհասցնի Արեւմտյան Եվրոպա Բալթիկ ծովով, մասամբ կասկածներ է առաջացրել անդրատլանտյան կապերի ապագա ամրության վերաբերյալ, գրում է dpa-ն։
ԱՄՆ-ն եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան, քննադատում են նախագիծը՝ այն Եվրոպայի վրա Ռուսաստանի քաղաքական ճնշման միջոց անվանելով։ Միաժամանակ, ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դեմ է պատժամիջոցներին՝ Գերմանիայի հետ հարաբերությունները չբարդացնելու համար։ Բայց ռուսական ներխուժման դեպքում իրավիճակը կարող է փոխվել, ինչի մասին վերջերս ասում էր, օրինակ, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Մոսկվան կտրականապես հերքում է հարեւան պետության տարածք ներխուժելու պլանները։
ԱՄՆ-ն չի բացառում, որ օպերացիան կարող է սկսվել արդեն փետրվարին։ Բայդենի խորհրդական Սալիվանը փետրվարի 6-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործողությունների անցնել ուկրաինական տարածքում «առաջիկա օրերից ցանկացած օր կամ երկու շաբաթվա ընթացքում»: Ռուսական գործողությունները կարող են Դոնբասի բռնակցում, կիբերհարձակումներ կամ լայնածավալ ներխուժում ներառել, հավելել է Սալիվանը։