ԱՄՆ-ի Միչիգան նահանգում կկառուցեն երկրում առաջին ճանապարհահատվածը էլեկտրամոբիլների դինամիկ լիցքավորմամբ
Միչիգանի նահանգապետ Գրեթխեն Ուիթմերը հայտարարել է ԱՄՆ-ում ճանապարհային ծածկույթի տակ էլեկտրամոբիլների լիցքավորման առաջին համակարգը կառուցելու ծրագրերի մասին: 1 մղոն երկարությամբ առաջին ճանապարհահատվածը կսկսի շահագործվել 2023 թվականին: Այդ մասին գրում է 3dnews.ru-ը՝ հղում անելով PCMag-ին:
«Մենք կդառնանք առաջատարներ ապագայի տրանսպորտի եւ էլեկտրիֆիկացիայի ոլորտում՝ մեծացնելով էլեկտրամոբիլների արտադրությունն ու կրճատելով սպառողական գները, իսկ անլար ճանապարհային լիցքավորման համակարգը կդառնա էկոլոգիական փազլի հերթական հատվածը»,-նախագիծը մեկնաբանել է նահանգապետ Ուիթմերը: Էլեկտրամոբիլների դինամիկ ու ստացիոնար լիցքավորման ապահովմամբ համակարգն ի հայտ կգա Դետրոյթում ընդամենը 1,6 կմ ճանապարհահատվածին:
Պիլոտային նախագծի ղեկավարությունը կհանձնարարվի Electreon իսրայելական ստարտափին, որը կապահովի ծրագրավորումը, թեստավորումն ու համակարգի ներմուծումը. ընկերությունը հաղթել է մրցույթում, որը հայտարարվել էր 2021 թվականին: Նախագծում անմիջական մասնակցություն նաեւ կունենան NextEnergy եւ Jacobs Engineering Group ընկերությունները Ford-ի, DTE Energy-ի ւո Դետրոյթի քաղաքապետի աջակցությամբ: Միչիգանի տրանսպորտի դեպարտամենտը կհատկացնի 1,9 միլիոն դոլար, իսկ բոլոր մնացած ծախսերը կկատարի Electreon-ը. ստարտափը, հավանաբար, հնարավորություն կունենա ստանալ լուրջ պայմանագիր, եթե պիլոտային նախագիծը ճանաչվի հաջողված: