Այսպիսի նորամուտի մասին երազել անգամ չէի կարող․ Վահան Բիչախչյան
Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին՝ խոսելով նորամուտի և Լեհաստանի առաջնությունում խփած առաջին գոլի մասին․
«Փորձում եմ լավագույնս հանդես գալ՝ ի պատասխան այս ջերմ ընդունելության։ Յուրաքանչյուր խաղում՝ խաղաժամանակ ստանալու դեպքում, կփորձեմ առավելագույնս օգնել թիմին, քանի որ մենք պայքարում ենք ամենաբարձր նպատակների համար։ Շատ ուրախ եմ, նման նորամուտի մասին անգամ երազել չէի կարող։ Գոլ խփելն ու գոլային փոխանցումներ կատարելն իմ աշխատանքն է։ Միշտ ցանկանում եմ օգնել թիմիս»,- ասել է Վահան Բիչախչյանը։
Հայ ֆուտբոլիստը պատմել է նաև երկրպագուների ընդունելության մասին․ «Դեռ նախավարժանքի դուրս գալիս զգացի մեր երկրպագուների աջակցությունը։ Այն հիանալի էր, քանի որ սա իմ առաջին հանդիպումն էր «Պոգոնի» երկրպագուների հետ։ Թիմակինցներս արդեն ասել,որ տնային խաղերի ժամանակ մթնոլորտը շատ ավելի լավն է լինելու։
Հարգանքներս մեր երկրպագուներին, ովքեր այսքան երկար ճանապարհ էին անցել՝ մեզ աջակցելու համար։ Շնորհակալ եմ դրա համար։ Եթե ցանկանում եմ ինչ-որ բան նվաճել այս մրցաշրջանում, մեզ պետք կլինի 12-րդ խաղացողի աջակցությունը՝ մեզ առաջ մղելու համար։ Անհամբերությամբ եմ սպասում սեփական հարկի տակ մեր հաջորդ խաղին, որտեղ ավելի շատ երկրպագուներ ներկա կլինեն։ Հուսով եմ՝ տնային մարզադաշտում էլ շուտով կվայելեմ գոլ խփելու բերկրանքը»,- եզրափակել է Վահան Բիչախչյանը։