Apple ընկերությունը մտադիր է մարտին 5G-ով նոր բյուջետային iPhone եւ նորացված iPad ներկայացնել
Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է մարտին 5G տեխնոլոգիայով նոր բյուջետային iPhone եւ նորացված iPad ներկայացնել, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Գործակալության տվյալներով՝ նոր հեռախոսը կդառնա iPhone SE մոդելի առաջին թարմացումը երկու տարվա ընթացքում։ Հաղորդվում է, որ հեռախոսը կունենա 5G ցանցային հնարավորություններ, բարելավված տեսախցիկ եւ ավելի արագ պրոցեսոր: Իր հերթին, նոր iPad-ը, ըստ աղբյուրների, կլինի Air մոդելի թարմացում:
Աղբյուրները նաեւ հավելել են, որ Apple-ը նախատեսում է iOS 15.4 թարմացումը թողարկել մարտի առաջին կեսին։ Նշվում է, որ ծրագրային ապահովման թարմացումը կառնչվի Face ID-ին, այն թույլ կտա iPhone-ում եւ iPad-ում ճանաչել դիմակ կրող մարդկանց դեմքերը։
Ըստ աղբյուրների՝ Apple-ը պատրաստվում է դրանք ներկայացնել մարտի 8-ի կողմերը: Աղբյուրները նշել են նաեւ, որ շնորհանդեսը, ըստ ամենայնի, առցանց տեղի կունենա։
Apple-ը, որը հիմնադրվել է 1976 թվականին, զբաղվում է անհատական եւ պլանշետային համակարգիչների, աուդիոնվագարկիչների, հեռախոսների, «խելացի ժամացույցների» եւ ծրագրային ապահովման արտադրությամբ: