Թութակը զբոսաշրջիկներից գողացել է տեսախցիկն ու նկարահանել իր թռիչքը
Նոր Զելանդիայում թութակը զբոսաշրջիկներից գողացել է տեսախցիկն ու նկարահանել իր թռիչքը, հաղորդում է My Planet պորտալը՝ հղում անելով CNN-ին։
Ֆյորդլենդ ազգային պարկում նորզելանդական ընտանիքը նկարահանել է կեա տեսակի թութակների խումբը: Երբ տեսախցիկը դրել են կոշտ մակերեսի վրա, թութակը բռնել է GoPro-ն ու թռել։
Տեսախցիկը շարունակել է աշխատել եւ նկարահանել է թութակի ողջ թռիչքը, ինչպես նաեւ այն, թե ինչպես է թռչունը կտցահարում տեխնիկան։ Ընտանիքի անդամներից մեկը լսել է թութակի կչկչոցն ու վազել դեպի նրա կողմը։ Կեան թռել է, իսկ տեսախցիկը հաջողվել է փրկել։
«Մեր բախտը բերեց, որ թռչունը թռել է ուղիղ գծով։ Մենք ուղղակի գնացինք այդ ուղղությամբ եւ լսեցինք ձայներ, ապա տեսանք թութակներին։ Ակնհայտ է, որ նրանք լսել են մեր ձայները եւ նետել տեսախցիկը»,- ասել է տեսախցիկի տերը։ Նա հավելել է, որ հաջորդ օրը թութակը ուսապարկից բաժակ է գողացել։