Հայտնաբերվել են սուպերերկրների վերածվող մինի-Նեպտուններ
Կալիֆոռնիական տեխնոլոգիական համալսարանիաստղագետները հայտնաբերել են մինի-Նեպտուն դասի երկու մոլորակներ, որոնք կորցնում են իրենց մթնոլորտը եւ վերածվում սուպերերկրի՝ իրենց ծնող աստղերի ճառագայթման պատճառով: Այս մասին հաղորդվում է The Astronomical Journal-ում հրապարակված հոդվածում, գրում է «ЛентаРу»-ն։
Արեգակնային համակարգում մինի-Նեպտունները ավելի փոքր եւ խիտ են, քան Նեպտունը, եւ բաղկացած են մեծ քարքարոտ միջուկներից, որոնք շրջապատված են գազի հաստ շերտով: Գիտնականները TOI 560 համակարգում դիտարկել են այս դասի երկու էկզոմոլորակներ, որոնք գտնվում են Երկրից 103 լուսային տարի հեռավորությամբ, ինչպես նաեւ HD 63433 համակարգում՝ երկու մինի-Նեպտուններ՝ Երկրից 73 լուսային տարի հեռավորությամբ։
Պարզվել է, որ մթնոլորտային գազը TOI 560-ի աստղին ամենամոտ մինի-Նեպտունից եւ HD 63433-ի ամենահեռավոր մինի-Նեպտունից է գոլորշիանում: Առաջին մոլորակի դեպքում գազը դուրս է գալիս դեպի աստղ, ինչը հակասում է բազմաթիվ մոդելների, որոնք հակառակ ուղղությամբ հոսք են կանխատեսում։ Ժամանակի ընթացքում երկու մոլորակներից էլ կարող է մնալ միայն ժայռոտ միջուկը, ինչը դրանց կվերածի սուպերերկրների։
Ենթադրվում է, որ մինի-Նեպտուններն ունեն ջրածնից եւ հելիումից կազմված մթնոլորտներ: Եթե մինի-Նեպտունը բավականաչափ փոքր է եւ բավականաչափ մոտ է իր աստղին, ապա ռենտգենյան եւ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են հարյուր միլիոնավոր տարիներ զրկել նրան առաջնային մթնոլորտից: