Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վիճաբանել են սոցցանցերում
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հերթական անգամ հանրային դաշտ են բերել իրենց կոնֆլիկտը։ Ռեփերը նախկին կնոջը մեղադրել է, որ իրենց ընդհանուր դստերը` Նորթին թույլ է տվել օգտագործել Tiktok-ն իր կամքին հակառակ, Քիմը Instagram-ում գրառում է կատարել՝ փոխադարձ մեղադրանքներով։
«Իրականում, հարցազրույցներում և սոցիալական ցանցերում ինձ վրա հարձակվելու Քանյեի անսպառ կարիքն ավելի շատ է վնասում, քան կարող է վնասել Նորթի տեսանյութը որևէ մեկին: Որպես մեր երեխաների հիմնական կերակրող և խնամող՝ ես անում եմ ամեն ինչ՝ պաշտպանելու մեր դստերը՝ միաժամանակ թույլ տալով նրան ստեղծագործորեն արտահայտվել իր ընտրած ոլորտում՝ ծնողների հսկողության ներքո: Որովհետև դա ուրախացնում է նրան»,- գրել է Քիմը:
Նա հավելել է, որ ամուսնալուծությունն ինքնին տրավմատիկ է երեխաների համար, և Քանյեն միայն սրում է իրավիճակն իր մոլուցքով և մանիպուլյացիայով։ Քիմի խոսքով՝ Ուեսթից բաժանվելով՝ ինքն ակնկալում էր, որ իրենք կշարունակեն երեխաներին միասին մեծացնել՝ աջակցելով միմյանց։
«Ինձ վշտացնում է, որ Քանյեն անընդհատ դա անհնարին է դարձնում: Հուսով եմ, որ մենք կարող ենք մեր երեխաներին առնչվող բոլոր խնդիրները լուծել մասնավոր կերպով»,- նշել է Քիմը:
Քանյե Ուեսթը վրդովվել է նախկին կնոջ խոսքերից: Ինստագրամում ի պատասխան՝ նա կրկին մեղադրել է Քարդաշյանին երեխաներին տեսակցել թույլ չտալու մեջ՝ հիշեցնելով նրան այն դեպքը, երբ չի կարողացել մասնակցել կրտսեր դստեր` Չիկագոյի տարեդարձի առթիվ կազմակերպված խնջույքին։ Այնուհետ Քանյեն տեսանյութ է հրապարակել ցանցում, որում նշել է, որ միտումնավոր իրենից թաքցնում են խնջույքի անցկացման հասցեն։
«Ի՞նչ առումով է «հիմնական կերակրող»: Ամբողջ Ամերիկան տեսավ, որ դու առևանգեցիր իմ աղջկան իր ծննդյան օրը՝ առանց ինձ ասելու, թե որտեղ էր երեկույթը: Դու ինձ վերահսկող անվտանգության աշխատակից նշանակեցիր տան ներսում, որպեսզի ես կարողանամ խաղալ որդուս հետ, հետո ինձ մեղադրեցիր գողության մեջ, իսկ Չիկագոյի ծննդյան տարեդարձից հետո ես ստիպված էի թմրանյութերի թեստ անցնել, քանի որ կարծում էիր, որ ես դրանք օգտագործել եմ»,- ասել է Քանյեն: