Թեհրանն ակնկալում է, որ Վաշինգտոնը կչեղարկի բոլոր պատժամիջոցները. Խաթիբզադե
Թեհրանն ակնկալում է, որ Վաշինգտոնը կչեղարկի բոլոր պատժամիջոցները, ԱՄՆ-ի կողմից խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործմանը վերաբերող սահմանափակումներից արված բացառությունների վերականգնումը բավարար չէ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Մենք տեղեկացել ենք միջուկային սահմանափակումների մասնակի վերացման մասին, սակայն բոլորը հասկանում են՝ դա բավարար չէ։ ԱՄՆ-ը պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները»,- ընդգծել է նա։
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել նախկինում գործող բացառությունները, որոնք Իրանին թույլ էին տալիս ստանալ այլ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի աջակցությունը խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հարցում։
«Սա չի նշանակում, որ կողմերը մոտ են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում պարտավորությունների լիարժեք կատարմանը վերադառնալու հարցում փոխըմբռնման հասնելուն։ Սա զիջում չէ Իրանին»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը։
Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն էլ հայտարարել է, որ, այսպես կոչված, «միջուկային բացառությունները» վերականգնելու մասին ԱՄՆ-ի որոշումը կարելի է գնահատել որպես Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների՝ եզրափակիչ փուլ մտնելու ազդանշան: