Մեքսիկայում անհայտ անձինք սպանել են 16 մարդու
Մեքսիկայի կենտրոնական մասում գտնվող Սակատեկաս նահանգում երկու զանգվածային սպանություն է տեղի ունեցել ։ Անհայտ հանցագործների զոհ է դարձել ընդհանուր առմամբ 16 մարդ, շաբաթ Twitter-ում հայտնել է շրջանի դատախազությունը:
«Այսօր Ֆրեսնիլյոյի և Պանֆիլո-Նատերի մունիցիպալիտետներում հայտնաբերվել են համապատասխանաբար 10 և 6 մարդու մարմիններ»,- ասված է գրառման մեջ: Իշխանությունների ներկայացուցիչները սկսել են պարզել կատարվածի հանգամանքները։
«Հետաքննության ընթացքի մասին տեղեկատվությունը կփոխանցվի միայն պաշտոնական խողովակներով», – նշել են վերահսկիչ գերատեսչությունում: Հաշվեհարդարի հնարավոր դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։
Սակատեկասում արդեն մի քանի տարի շարունակվում է «Սինալոա» և «Խալիսկոյի նոր սերունդ» թմրակարտելների միջև հակամարտությունը, որը հանգեցրել է բռնության կտրուկ աճի: Եթե 2019 թվականին հանցագործների ձեռքով տարածաշրջանում զոհվել է ավելի քան 700 մարդ, ապա 2021 թվականին զոհերի թիվը գերազանցել է 1,6 հազարը, իշխանությունների գնահատականներով, սպանությունների ավելի քան 90 տոկոսի պատասխանատվությունն ընկած է կազմակերպված հանցավոր համայնքների վրա:
2021 թվականին Մեքսիկայում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 33 308 մարդ, 1 246-ով պակաս, քան մեկ տարի առաջ: Վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ երկրի չափահաս բնակիչների բաժինը, որոնք իրենց բնակության վայրում անվտանգ չեն զգում, անցյալ տարվա դեկտեմբերին հասել է 65,8 տոկոսի: Առավել բարդ իրավիճակ է նկատվում Սակատեկասի Ֆրեսնիլյո քաղաքում, որտեղ այդ ցուցանիշը հասել է 96,8 տոկոսի