Այդքան սեր, ինչքան եղել է մի ղարաբաղցի տղայի մեջ, հատուկենտ է. Միքայել Պողոսյանը` Արթուր Գրիգորյանի մասին
Մեր ժողովրդի համար մեծ ցավ է, նրա մեղեդիները չեն կարող մոռացվել, ամեն մի հնչյունը նա գրել է ցավով, սիրով, զգացմունքով ու դրա համար էլ դարձել է բոլորինս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը խոսելով կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասին:
«Մինչեւ ուր եւ ինչքան, մարդու համակարգը երեւի ինչ-որ չափ ունի ցավի, կորուստների, բայց պարզվում է, որ մարդը չնայած ոչ մի բանի պիտի ապրի, նույնիսկ ստեղծագործի, այն, ինչ որ անում էր Գրիգորիչը մինչեւ վերջին պահը: Այդքան սեր, ինչքան եղել է մի ղարաբաղցի տղայի մեջ, այդքան սեր իր հայրենիքի, գործի, այդպիսի նվիրյալ երեւի մեր իրականության մեջ հատուկենտ է: Մեր ժողովրդի համար մեծ ցավ է, նրա մեղեդիները չեն կարող մոռացվել, ամեն մի հնչյունը նա գրել է ցավով, սիրով, զգացմունքով ու դրա համար էլ դարձել է բոլորինս»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երկարատեւ հիվանդությունից հետո 63 տարեկանում երեկ՝ փետրվարի 4-ին, մահացել է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։