Մակրոնը եւ Ջոնսոնն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում առաջնահերթ են համարում դիվանագիտական լուծումը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջնահերթ են համարում Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակից դիվանագիտական ելք գտնելու հարցը։ Այս մասին ասվում է Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ՝ երկու առաջնորդների հեռախոսազրույցից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առաջնորդները միմյանց տեղեկացրել են միջազգային գործընկերների հետ երկու կողմերի միջեւ ընթացող բանակցությունների մասին՝ անդրադառնալով այս շաբաթ վարչապետի՝ Կիեւ կատարած այցին։ Նրանք համաձայնեցին, որ շարունակվող լարվածության պայմաններում դիվանագիտական լուծում գտնելը պետք է մնա գլխավոր առաջնահերթություն»,- ասվում է փաստաթղթում։
Լոնդոնը եւ Փարիզը կշարունակեն համագործակցել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում պատժամիջոցների մշակման հարցում։
Ջոնսոնն ու Մակրոնը քննարկել են նաեւ ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանների ամրապնդումը եւ անհրաժեշտ համարել դաշինքի անդամների միասնությունը։