Մոլդովայում ցուցարարները գոմաղբ են բերել խորհրդարանի շենքի մոտ
Շաբաթ օրը մի քանի հարյուր մարդ եկել է խորհրդարանի եւ կառավարության շենքերի մոտ՝ «Կանգնեցրե՛ք էներգամահը» կարգախոսով, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Մոլդովայում գների եւ տուրքերի բարձրացման դեմ, գրում է «Sputnik Մոլդովան»։
Կարճ հանրահավաքի ավարտին ցուցարարները թրիքի կույտ են դրել օրենսդիր շենքի դիմաց։
Կառավարության շենքի մուտքի աստիճանների վրա ցուցարարները իշխող «Գործունեություն եւ համերաշխություն» կուսակցության նախընտրական խոստումներով պաստառներ են դրել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տասնյակ թոշակառուներ եկել էին նախագահի աշխատակազմ՝ բողոքելու ապրանքների եւ ծառայությունների թանկացման դեմ։ Նրանք փորձել են ներխուժել շենք, որպեսզի խոսեն պետության ղեկավար Մայա Սանդուի հետ։
Ակցիայի ավարտին ցուցարարները հայտարարել են, որ շարունակելու են բողոքի ակցիաները, որոնց ավելի ու ավելի շատ մարդիկ են մասնակցելու։