Իրանի ԱԳՆ. խաղաղ ատոմի հարցով բացառությունները բավարար չեն, ԱՄՆ-ը պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները
Թեհրանը Վաշինգտոնից ակնկալում է բոլոր պատժամիջոցների չեղարկում, քանի որ ԱՄՆ-ի կողմից խաղաղ ատոմի հարցով բացառությունները բավարար չեն։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք լսել ենք միջուկային ոլորտում սահմանափակումների մասնակի վերացման մասին, բայց բոլորը հասկանում են, որ դա բավարար չէ»,- Jamaran մեջբերում է նրա խոսքը։ «Այն, ինչ պետք է անի ԱՄՆ-ն, բոլոր պատժամիջոցների չեղարկումն է»,-հավելել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել նախկինում գործող պատժամիջոցների բացառությունները։
Պետքարտուղարության խոսնակն ընդգծել է, որ այս միջոցների ընդունումը չի նշանակում, որ կողմերը «մոտ են փոխըմբռնման հասնելուն՝ Գործողությունների Համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀԾ) պարտավորությունների լիարժեք կատարման փոխադարձ վերադարձի շուրջ»: Գերատեսչության աշխատակիցը նշել է, որ «դա զիջում չէ Իրանին»։