Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Ղազախստանի նախագահի հետ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շաբաթ օրը Ազգային հավաքների տանը (խորհրդարան) հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Կողմերը քննարկել են միջպետական համագործակցության խթանման հեռանկարները։ Չինաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների մի շարք առանցքային հարցերի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը պատրաստ է խորացնել փոխադարձ քաղաքական վստահությունը Ղազախստանի հետ, խթանել համակողմանի համագործակցությունը եւ համատեղ նպաստել զարգացմանն ու բարգավաճմանը»,- Սի Ծինփինի խոսքը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ-ն։
Չինաստանի նախագահը հավելել է, որ Պեկինը «միշտ կլինի ղազախական կողմի հուսալի բարեկամն ու գործընկերը»։
Նա հստակեցրել է, որ Չինաստանը ձգտում է Ղազախստանի հետ համատեղ իրականացնել առեւտրային եւ ներդրումային նախագծեր, ավելացնել համագործակցությունը գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում։ Երկկողմ համագործակցության հեռանկարային ոլորտներից նա նշել է փոխգործակցությունը ժամանակակից բժշկության, արհեստական բանականության, էլեկտրոնային կոմերցիայի, թվային ֆինանսների եւ էներգիայի այլընտրանքային աղբյուրների ոլորտում։
Չինաստանի ղեկավարը նշել է, որ ՉԺՀ-ն շահագրգռված է «անկախ, ազատ, կայուն եւ բարգավաճ Ղազախստանով»։ Նա նաեւ նշել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների հետ համագործակցության ամրապնդման կարեւորությունը։