Սպասելու տեղ չունենք, նահանջելու ժամանակ չունենք. հայ-թուրքական հաշտեցման գործընթացը պետք է կասեցվի. Սաղաթելյան
Այսօր Հայաստանը եւ հայ ժողովուրդը խորը ճգնաժամի մեջ են: Այս մասին այսօր` փետրվարի 5-ին, ՀՅԴ հիմնադրման 131-րդ ամյակին նվիրված հանդիսության ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Օրվա իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում`Արցախի հարցում, արտաքին քաղաքականության, անվտանգության, պաշտպանության, բանակաշինության, տնտեսության: Ձախողել են նաեւ այն ոլորտներում, որոնք իրենց համար եղել են իբր արժեք եւ համոզմունք: Արդեն ակնհայտ փաստ է` իրենք որեւէ կապ չունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդար դատական համակարգի, ընտրելու եւ ընտրվելու իրավունքի հետ: Իրենց համար դա ընդամենը լոզունգ է, ֆեյսբուքյան ստատուս, բայց ոչ երբեք նպատակ: Արդար դատական համակարգի ջատագովները կալանավորում են ընդդիմադիրներին ապօրինի չդատող դատավորներին, ազատ ընտրությունների ջատագովները ձերբակալում են ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավարներին, ուժային կառույցները դարձել են երկրում մեկ մարդու բռնապետություն հաստատելու բութ գործիք, իսկ միջազգային հանրությունը եւ կառույցները լուռ հետեւում են, դեռ մի բան էլ ասում են` Հայաստանում ժողովրդավարությունը առաջընթաց է գրանցել: Ամեն ինչ պարզ է. այս իշխանությունը ձեռնտու է բոլորին, բացի հայից»,- ասաց նա:
Սաղաթելյանի խոսքով` երկիրը ձախողելու գործընթացը կանգ չի առել եւ ավելի մեծ թափով է շարունակվում:
«Արդեն բավ է, սպասելու տեղ չունենք, նահանջելու ժամանակ չունենք: Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, որը հանգեցնելու է թուրքացման, պետք է կասեցվի եւ սա լինելու է մեր քաղաքական պայքարի հիմնական ուղղություններից մեկը: Հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած, յաթաղանը բայրաքթարով փոխարինած թուրքը չի կարող Երեւանի կենտրոնում զվարճանալ, իսկ մենք կենդանական բնազդով հետեւենք այդ ամենին, չի ստացվելու, թույլ չենք տալու»,-ասաց նա: