ԵՄ-ն Ադրբեջանին 2 մլրդ եվրո է հատկացրել տնտեսական ներդրումների ծրագրի շրջանակներում
Եվրամիությունը Ադրբեջանին 2 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթ է հատկացրել տնտեսական ներդրումների ծրագրի շրջանակներում: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեին Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Եվրահանձնակատարը նշել է, որ տնտեսական ներդրումների ծրագրի շրջանակներում Ադրբեջանին հատկացվել է 2 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ և ներկայում քննարկվում է կոնկրետ նախագծերի իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վարհեին ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է մասնակցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին:
«Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: