Ղազախական անկարգություններից հետո իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 740 միավոր զենք
Ղազախստանի իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 740 միավոր զենք, որոնք գողացվել են երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ՆԳՆ քննչական վարչության պետ Սանժար Ադիլովը։
«Երեք շաբաթ շարունակ ոստիկանության աշխատակիցները առգրավել են մեծ քանակությամբ գողացված զենքեր, հատկապես Ալմաթիում: Առգրավված զենքերի ընդհանուր թիվն այս պահին կազմել է 747 միավոր, ինչպես նաև ավելի քան 18 հազար միավոր զինամթերք»,- ասել է Ադիլովը։
Նրա խոսքով՝ անկարգությունների ժամանակ զոհվել է 19 իրավապահ և զինվորական, ավելի քան երեք հազար աշխատակից վիրավորվել է: «Կան զոհեր նաև խաղաղ բնակիչներից, բայց սա զանգվածային անկարգությունների արդյունք է, և յուրաքանչյուր զոհի համար օբյեկտիվ քննություն է իրականացվում»,- պարզաբանել է ՆԳՆ ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է նաև, որ անկարգությունների ժամանակ վնասվել են 1573 խանութներ, գրավատներ, գազալցակայաններ, թալանվել են որսորդական խանութներ։ Վնասվել է 765 մեքենա, այդ թվում՝ 551 ոստիկանական մեքենա։