ԱՄՆ-ում բռնել են Պենտագոնի տարածքում շրջող հավին
ԱՄՆ-ում բռնել են Պենտագոնի տարածքում շրջող հավին, հայտնում է HuffPost-ը։ Զինվորականներին չի հաջողվել պարզել, թե ում է պատկանում թռչունը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հավը հայտնաբերվել է վաղ առավոտյան՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության շտաբի մոտ։ Թռչունը զբոսնում էր արգելված տարածքում, ուստի պարեկային ծառայության աշխատակիցները նրան բերման են ենթարկել։ Պենտագոնի խոսնակ Չելսի Ջոնսը հաստատել է միջադեպը, սակայն մանրամասներ չի հայտնել։
«Մեզ չի թույլատրվում ասել, թե հստակ որտեղ է հայտնաբերվել հավը։ Կարելի է միայն ասել, որ այն եղել է անցակետերից մեկում»,- ասված է հաղորդագրությունում։
Ջոնսը հավելել է, որ Պենտագոնը դեռ չգիտի, թե որտեղից է հայտնվել հավը։ Նրա խոսքով՝ թռչունը նյարդային և վախեցած տեսք ուներ, բայց որոշ մարդկանց թույլ տվեց շոյել իրեն։
Այն բանից հետո, երբ թռչնի մասին լուրերը տարածվեցին ԶԼՄ-ներում, հավը դարձավ ԱՄՆ-ի երեկոյան շոուներից մեկի հերոսը և անվանակոչվեց Հեննի Փեննի։ Ավելի ուշ նրան վերցրել է Արևմտյան Վիրջինիայի մի ֆերմեր: