Յենս Ստոլտենբերգը Նորվեգիայի Կենտրոնական բանկի նոր ղեկավար կդառնա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Նորվեգիայի Կենտրոնական բանկի նոր ղեկավար կդառնա, հայտարարել է կառավարությունը, հայտնում է Reuters-ը։
Թեեւ թափուր պաշտոնը բաց է մարտի 1-ից, Ստոլտենբերգն ասել է, որ նախ կավարտի ՆԱՏՕ-ում իր պաշտոնավարումը, որը կտեւի մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի վերջ։
Ստոլտենբերգը պատասխանատու կլինի տոկոսադրույքների սահմանման եւ ֆինանսական կայունության կառավարման համար, ինչպես նաեւ կվերահսկի Նորվեգիայի ինքնիշխան հարստության հիմնադրամը, որն աշխարհում ամենամեծն է՝ 1.4 տրիլիոն դոլար ակտիվներով:
«Ես մտահոգված էի Նորվեգիայի կենտրոնական բանկի լավագույն կառավարիչ գտնելու հարցով, եւ ես համոզված եմ, որ դա Յենս Ստոլտենբերգն է», - ասվում է ֆինանսների նախարար Թրիգվե Սլուգսվոլդ Վեդումի հայտարարության մեջ:
Ստոլտենբերգը՝ կրթությամբ տնտեսագետ եւ Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդ, Նորվեգիայի վարչապետն է եղել 2000-2001 եւ 2005-2013 թվականներին, այնուհետեւ դարձել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։ Նա նաեւ զբաղեցրել է ֆինանսների եւ էներգետիկայի նախարարների պաշտոնները։
Կառավարությունը հայտարարել է, որ Կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ եւ այդ պաշտոնում Ստոլտենբերգի գլխավոր մրցակից Իդա Ուոլդեն Բաչեն կկատարի Կենտրոնական բանկի ղեկավարի պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ Ստոլտենբերգը չի ստանձնել այդ պաշտոնը։