Մշակույթի նախկին նախարարի որդու կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի որդու կնոջ` Ֆրանչեսկա Կուտրուպիի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի հանգամանքները:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, հանդիսանալով օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության տնօրեն, 2011-2014թթ. ընթացքում վերոնշյալ հասարակական կազմակերպության նախագահի, փոխնախագահի և հասարակական կազմակերպության նախագահության անդամ, ՍՊ ընկերության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարք կատարելու եղանակով թաքցրել և խեղաթյուրել է հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, հանցավոր գործունեության արդյունքում ստացված՝ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ. մակերեսով շենքի և 0,0467 հա. մակերեսով հողամասի ծագման աղբյուրն ու պատկանելությունը: Այնուհետև տիրապետել և տնօրինել է նշված առանձնապես խոշոր չափերի գույքը՝ դրա նկատմամբ իրավունքները վաճառելով և գրանցելով մի շարք անձանց և Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված վերոնշյալ ընկերության անվամբ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախկին նախարարի որդու կնոջը` Ֆրանչեսկա Կուտրուպիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է: