Ադրբեջանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար
Ադրբեջանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար։
Ինչպես ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է մշակույթի նախարար Անար Քերիմովը, հանձնաժողովում ներառված են մասնագետներ, ովքեր տիրապետում են Ալբանիայի պատմությանը, մշակույթին եւ գրչությանը։ «Հայերը հետքեր են թողել մեր հուշարձանների վրա, այդ կապակցությամբ այժմ ապացույցներ ենք հավաքում»,- ասել է Քերիմովը՝ շարունակելով ստի քաղաքականությունը քրիստոնեական եկեղեցիների՝ իբր ալբանական պատկանելիության մասին։
«Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում ալբանագիտության ոլորտում միջազգային փորձագետների հետ, նախատեսվում է նրանց հրավիրել Ադրբեջան։ Ինչպես գիտենք, մենք անվտանգության նկատառումներից ելնելով չենք կարող մեկնել այդ տարածքներ։ Հաջորդ փուլերում տեղական եւ միջազգային փորձագետների հետ կգնանք այն տարածքները, որտեղ գտնվում են հայկականացված ալբանական հուշարձանները, բոլոր փաստերը կփաստագրվեն եւ կներկայացվեն միջազգային հանրությանը»,- ասել է նախարարը։
Իսկ մինչ այդ Ադրբեջանի իշխանությունները կտրականապես հրաժարվում են թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին մուտք գործել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Պատճառներն ակնհայտ են․ ադրբեջանական կողմին ժամանակ է պետք «ապացույցները» կեղծելու համար։