Թուրքիայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի նախագիծը պատրաստվել է խիստ գաղտնի ռեժիմով. «112 Украина» հեռուստաալիք
Թուրքիայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի նախագիծը պատրաստվել է խիստ գաղտնի ռեժիմով։ Մինչ այժմ դրան չի կարողացել ծանոթանալ ճյուղային ասոցիացիաներից ոչ մեկը. նրանց ներկայացուցիչների հետ փաստաթուղթը չի քննարկվել, տեղեկացնում է «112 Украина» հեռուստաալիքը։
Ստորագրված համաձայնագրից կարելի է սպասել ցանկացած անակնկալ։ Ի շահ քաղաքական նպատակահարմարության եւ հանուն Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցության՝ Զելենսկին կարող է զիջել սեփական երկրի տնտեսական շահերի մի մասը, նախազգուշացնում են փորձագետները։
Թուրքիայի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը քննարկվել է ավելի երկար, քան Ուկրաինայի հետ կնքված մնացած բոլոր առեւտրային համաձայնագրերը։ Դրա շուրջ բանակցությունները սկսվել էին դեռեւս 2003թ.։ Այն ժամանակ Ուկրաինան էր շահագրգռված թուրքական շուկա մուտք ունենալու հարցում, 112ua.tv-ին ասել է միջազգայի առեւտրի ոլորտի առաջատար փորձագետ Իգոր Գուժվան։ Երկրները չկարողացան պայմանավորվել։ ԱԱԳ-ի մասին համաձայնագրի հարցին վերադարձան 2016թ.՝ արդեն թուրքական կողմի նախաձեռնությամբ, որին սկսել էր հետաքրքրել ուկրաինական շուկան։
«Թուրքիայի ներկայացուցիչների համար կարեւոր նշանակություն ուներ, որպեսզի համաձայնագիրը ստորագրվեր նախագահների հանդիպման ժամանակ։ Նրանք ցանկանում էին, որպեսզի դա տեղի ունենա ներկայիս նախագահի նախորդի ժամանակ»,- ասել է Գուժվան։
Այսօր Թուրքիան Ուկրաինայի համար հնարավորություն է՝ վաճառելու միայն հումքային ապրանքներ. ցորեն եւ մետաղ։ Երկիրը ներմուծում է տեքստիլ, բանջարեղեն, տրանսպորտային միջոցներ։ Ի տարբերություն Ուկրաինայի՝ Թուրքիան առանց ԱԱԳ-ի էլ տարբերակված կառուցվածք ունի, որտեղ հիմնականը մեքենաշինության (24,1 տոկոս), թեթեւ արդյունաբերության (16,1), բանջարեղենի եւ մրգերի (13,1 տոկոս) արտադրանքն է։
Իշխանությունները պատրաստել են Թուրքիայի հետ ԱԱԳ վերջնական տարբերակը մեծ գաղտնիության ռեժիմով։ Մինչեւ վերջ համաձայնագրի նախագիծը ոչ ոք չի տեսել։
Թե որքան տհաճ անակնկալներ է պարունակում Թուրքիայի հետ ԱԱԳ համաձայնագրի տեքստը ուկրաինական տնտեսության համար՝ կիմանանք միայն այն բանից հետո, երբ փաստաթուղթը հրապարակվի։ Անգամ կառավարության կայքում, որը երեկ պաշտոնապես հավանություն է տվել փաստաթղթին, այն մինչեւ հիմա տեղադրված չէ։
Ուկրաինացի արտադրողների մտահոգություններն անհիմն չեն, կարծում է քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը։
«Թուրքիայի հետ ԱԱԳ-ի վերաբերյալ երկխոսությունը մոտ տասը տարի է տեւել։ Հաշվի առնելով, որ գործընթացը վերջին ժամանակներս խիստ արագացել է, իսկապես, մտահոգություն կա, որ ի շահ քաղաքական նպատակահարմարության եւ հանուն ռազմաքաղաքական աջակցության Ուկրաինայի իշխանությունը կարող է զիջել տնտեսական շահերի մի մասը։ Վերջնական եզրակացություններ կարելի է անել միայն այն բանից հետո, երբ փաստաթուղթը հրապարակվի, բայց չի կարելի բացառել, որ դա տեղի չի ունենա»,- ասել է փորձագետը 112ua.tv-ին։
Նրա խոսքով՝ այսօր ԱԱԳ-ի մասին համաձայնագիրը ավելի շատ պետք է Թուրքիային, քան Ուկրաինային։
«Թուրքիան տնտեսական ճգնաժամի մեջ է եւ ակտիվորեն սպառման նոր շուկաներ է փնտրում, Ուկրաինան նրանց համար շատ հրապուրիչ եւ կարեւոր շուկա է։ Իսկ Ուկրաինային Թուրքիայից պետք է ռազմական եւ քաղաքական աջակցություն, այդ նույն բայրաքթարները գնելու հնարավորություն։ Ուկրաինան նաեւ Թուրքիայի սատարման, երկրի միջնորդության հույսն ունի Ռուսաստանի հետ երկխոսությունում, մասնավորապես՝ մինսկյան համաձայնագրերի զգայուն հարցում»,- համոզված է Ռուսլան Բորտնիկը։