Պետդեպը հավանություն է տվել Հորդանանին, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին կործանիչների և ՀՕՊ համակարգերի վաճառքին
ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Հորդանանին, Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին կործանիչների եւ հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր վաճառքին։
Առաջարկվող վաճառքը 4.21 միլիարդ դոլար արժողությամբ կործանիչներ, զինամթերք եւ այլ սարքավորումներ է ներառում Ամմանի համար, Սաուդյան Արաբիայի հակահրթիռային պաշտպանության համակարգերի արդիականացում՝ 23.7 մլն դոլարի չափով, ԱՄԷ-ի կողմից տեղակայված 65 մլն դոլարի հակահրթիռային պաշտպանության համակարգերի պահեստամասեր:
Պաշտպանության եւ անվտանգության համագործակցության գործակալությունը հայտարարել է, որ այս վաճառքներից ոչ մեկը չի փոխի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում:
Պենտագոնը հայտարարել է, որ կարող է Էր Ռիադին տվյալների փոխանցման 31 MIDS-LVT համակարգեր վաճառել՝ THAAD հակաօդային պաշտպանության հարթակների արդիականացման համար՝ լրացնելով իր Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգում արդեն տեղադրված նմանատիպ համակարգերը:
«Առաջարկվող վաճառքը Սաուդյան Արաբիայի զինվորականներին կապահովի սարքավորումներով, ուսուցմամբ եւ հետագա աջակցությամբ, որն անհրաժեշտ է Սաուդյան Արաբիային եւ տարածաշրջանը ահաբեկչության, Իրանի ազդեցության եւ այլ սպառնալիքների ապակայունացնող հետեւանքներից պաշտպանելու համար», - ասվում է Պենտագոնի կողմից Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ:
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հավանություն է տվել ԱՄԷ-ի կողմից x Patriot, THAAD եւ HAWK հակաօդային պաշտպանության համակարգերի պահեստամասերի գնման ծավալի ավելացմանը՝ նախկինում հաստատված 30 միլիոն դոլարից մինչեւ 65 միլիոն դոլար: Վաճառքը կօգնի «պահպանել հակաօդային պաշտպանության կարեւորագույն համակարգերի օպերատիվ պատրաստվածությունը», ասել են Պենտագոնում:
Հորդանանը թույլտվություն է ստացել 16 F-16 Block 70 ինքնաթիռների, ինչպես նաեւ հարակից սարքավորումների եւ հարյուրավոր Joint Direct Attack Munition հավաքածուների գնման համար: