ԱՄՆ-ն պնդում է, որ Ռուսաստանը, որպես պատրվակ, կեղծ տեսանյութ կօգտագործի Ուկրաինա ներխուժման համար
ԱՄՆ-ն պնդում է, որ Ռուսաստանը, որպես Ուկրաինա ներխուժման պատրվակ, մի քանի տարբերակ է մշակել, «այդ թվում՝ բեմադրված հարձակում ցուցադրող քարոզչական տեսանյութի հնարավոր օգտագործում», գրում է Reuters-ը։
ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ «Ռուսաստանը կարող է կեղծ տեսանյութ օգտագործել, որը ցույց կտա պայթյունի հետեւանքները, այդ թվում՝ սարքավորումներ, որոնք, ըստ էության, պատկանում են Ուկրաինային կամ դաշնակից երկրներին՝ ներխուժումն արդարացնելու համար»:
Տեսանյութում «դերասաններ կլինեն, ովքեր պետք է սգան միջադեպի ժամանակ սպանված մարդկանց... եւ) դիակներ՝ ենթադրաբար սպանվածների մարմինները ներկայացնելու համար», MSNBC-ին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Ջոնաթան Ֆայները:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, ԱՄՆ-ում առաջին անգամը չէ, որ նման նյութեր են հրապարակվում, սակայն դրանց ոչինչ չի հաջորդել։ «Սա առաջին նման խոստումը չէ։ Նախկինում եւս նման բան էր հայտարարվել: Բայց այդպես էլ ոչինչ չէր ստացվել»,- հիշեցրել է Պեսկովը: