Կիևն ու Անկարան քննարկել են Անդրբալկանյան միջանցքով գազի մատակարարման հարցը
Կիևն ու Անկարան քննարկել են Անդրբալկանյան միջանցքով գազի մատակարարման հարցը։ Երկու երկրների էներգետիկայի նախարարներ Գերման Գաալուշչենկոյի եւ Ֆաթիհ Դենիզի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում էներգետիկ անվտանգության ամրապնդման, էներգամատակարարման դիվերսիֆիկացման եւ վերականգնվող էներգիայի զարգացման հարցեր։
«Թուրքիան Ուկրաինայի ռազմավարական գործընկերն է էներգետիկ ոլորտում։ Հատկապես կարեւոր է համագործակցությունը բնական գազի մատակարարման աղբյուրների եւ ուղիների դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ տարածաշրջանում էներգետիկ անվտանգության ամրապնդման համատեքստում։ Մասնավորապես, տրանսբալկանյան միջանցքով գազամատակարարման հարցը հատուկ ուշադրություն է պահանջում։ Ուկրաինան նաեւ շահագրգռված է Թուրքիայի հետ բնական գազի արդյունահանման ոլորտում գործընկերության ամրապնդմամբ, այդ թվում՝ Սեւ ծովի ծանծաղուտում, ինչպես նաեւ թուրքական կողմի կողմից ուկրաինական ստորգետնյա գազի պահեստարանների ներուժի օգտագործմամբ»,- ընդգծել է Գերման Գալուշչենկոն։
Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ թուրքական կողմը հաստատել է, որ աջակցում է տրանսբալկանյան երթուղով գազի հակադարձ օգտագործումը եւ նախատեսում է ապագայում գործընկերություն զարգացնել Ուկրաինայի հետ ծանծաղուտում ածխաջրածինների արդյունահանման հարցում։