Պորտուգալիան կչեղարկի ավիաուղեւորների համար COVID-19-ի թեստի բացասական արդյունք ներկայացնելու պահանջը
Պորտուգալիան կչեղարկի COVID-19-ի թեստի բացասական արդյունք ներկայացնելու պահանջը այն ավիաուղեւորների համար, որոնք ժամանում են Եվրամիության գործող թվային վկայականով կամ պատվաստման ճանաչված ապացույցով, հայտնել է կառավարությունը, հաղորդում է Reuters-ը։
Կառավարության նիստում հաստատված այս քայլը համապատասխանում է Եվրամիության կանոններին: Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ բացասական թեստեր այլեւս չեն պահանջվում «նրանց համար, ովքեր ներկայացնում են COVID-ի ԵՄ թվային վկայական կամ պատվաստման այլ ճանաչված ապացույց»: Թե երբ որոշումն ուժի մեջ կմտնի, չի հաղորդվում, սակայն գործող կանոնները պետք է մինչեւ փետրվարի 9-ը ուժի մեջ լինեն։
Ներքին գործերի նախարարությունը, որը պատասխանատու է երկիր ժամանումների համար, չի կարողացել միանգամից լրացուցիչ մանրամասներ տրամադրել, այդ թվում այն մասին, թե վավեր կհամարվեն արդյոք պատվաստումների բրիտանական կամ ամերիկյան ապացույցները:
ԵՄ թվային վկայականը տրվում է այն մարդկանց, ովքեր պատվաստվել են, թեստի բացասական պատասխան են ստացել կամ COVID-19-ից ապաքինման ապացույցներ ունեն:
Պորտուգալիան աշխարհի ամենապատվաստված երկրներից մեկն է՝ նրա բնակչության գրեթե 90%-ը լիովին պատվաստված է, ու թեեւ վարակներն ու դեպքերը դեռ մոտ են ռեկորդային մակարդակին, հոսպիտալացումների ու մահերի թիվը զգալիորեն ցածր է մեկ տարի առաջվա ամենբարձր նիշից: