Վլադիմիր Զելենսկի․ Թուրքական անօդաչու սարքերն այժմ կարտադրվեն Ուկրաինայում
Ուկրաինան եւ Թուրքիան շրջանակային համաձայնագիր են ստորագրել բարձր ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, որի շրջանակներում Ուկրաինայում կկառուցեն Bayraktar անօդաչու սարքերի արտադրության գործարան, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Թուրքական անօդաչու սարքերն այժմ կարտադրվեն Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Կիեւում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, փոխանցում է Strana.ua-ն։
Նրա խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման անվտանգությունն էր։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին Կիեւի և Մոսկվայի միջեւ միջնորդություն առաջարկելու համար և հայտարարել, որ թուրքական անօդաչու սարքերն այժմ կարտադրվեն Ուկրաինայում։
«Այսօր համաձայնագիր է կնքվել, որը կընդլայնի Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու սարքերի արտադրությունը», - հայտարարել է նա:
Բացի այդ, նախատեսվում է ստեղծել ուսումնական կենտրոն, որը օդաչուներին կսովորեցնի կառավարել տարբեր կատեգորիաների դրոններ։
Զելենսկին նաեւ հայտարարել է, որ թուրքական ընկերությունների դերը «մեծ շինարարության» մեջ կաճի եւ ենթադրել է, որ Թուրքիան հյուպատոսություններ կբացի Խարկովում եւ Լվովում։
Թուրքիայի առաջնորդը հստակեցրել է, որ Զելենսկու հրավերով ժամանել Է Ուկրաինայի մայրաքաղաք՝ մասնակցելու բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի տասներորդ նիստին։
«Հուսով եմ, որ հանդիպումները բարենպաստ արդյունքների կհանգեցնեն երկու երկրների եւ տարածաշրջանի համար», - նշել Է Էրդողանը։
«Մենք ուշադիր հետեւում ենք այն մարտահրավերներին, որոնց բախվում է Ուկրաինան, եւ տարածաշրջանում առկա լարվածությանը։ Թուրքիան, որպես սևծովյան երկիր, կոչ է անում բոլոր կողմերին գործել զուսպ և երկխոսության մեջ՝ տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար», - նշել է նա, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ» - ը։