Այս իրավիճակում Ուկրաինային սպառազինություն մատակարարելն ինքնին սադրանք է. Կլիմով
Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը սադրանք է առկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, և Անկարայում դա չեն կարող չհասկանալ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը:
«Այս իրավիճակում Ուկրաինային սպառազինություն մատակարարելն ինքնին սադրանք է: Դա չհասկանալ Անկարայում չեն կարող, բայց միևնույն է՝ անում են, ինչը ցավալի է», - ասել է Կլիմովը:
Սենատորն ընդգծել է, որ Թուրքիայի դրդապատճառները հասկանալի են` մի կողմից Անկարան փորձում է լուծել իր ֆինանսական հարցերը, հիշեցնել իր մասին, առաջ տանել իր սպառազինությունը:
«Բացի այդ, Թուրքիան ցանկանում է դառնալ այդ մեծ խաղի մասնակիցը», -հավելել է նա:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել, որով կընդլայնվի երկրում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: