Ուկրաինայում կարտադրվեն թուրքական «Բայրաքթար» անօդաչուներ
Ուկրաինայում կարտադրվեն թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքեր, որոնք համալրված կլինեն ուկրաինական արտադրության շարժիչներով։ Ինչպես գրում է informator.ua կայքը, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Այսօր նախատեսվում է շրջանակային համաձայնագրի ստորագրում։ Խոսքը վերաբերում է բարձր ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Ուկրաինայի և Թուրքիայի համագործակցությանը։ Կոնկրետ այս պայմանագրի կատարման օրինակներից մեկն էլ անօդաչու թռչող սարքեր արտադրող «Բայրաքթար» գործարանի կառուցումն է»,- ասել է Ռեզնիկովը։
Ռեզնիկովը մանրամասնել է, որ բացի գործարանից, Ուկրաինայում կստեղծվի ուսումնական կենտրոն, որը կպատրաստի օդաչուներ տարբեր կատեգորիաների «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կառավարման համար։ Անօդաչու թռչող սարքերը կկիրառվեն Ուկրաինայի, Թուրքիայի զինված ուժերում և այն երկրներում, որոնք ցանկություն կունենան ձեռք բերել դրանք։