Պեսկով. Պուտինի՝ Թուրքիա այցի օրը դեռ համաձայնեցված չէ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի կոնկրետ օրը դեռ համաձայնեցված չէ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկու ղեկավարներն իսկապես խոսում էին հնարավոր տարբերակների մասին փետրվարի վերջին, այլ օրեր»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ Պուտինի այցը Թուրքիա։
Պեսկովի խոսքով՝ երկու կողմերն էլ շահագրգռված են, որպեսզի հանդիպումը կայանա, «երբ համաճարակաբանական իրավիճակն ու երկու նախագահների ժամանակացույցերը թույլ տան»։ «Դեռ հստակ ժամկետներ չկան։ Բայց մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Հունվարի 26-ին Էրդողանը հայտարարել էր, որ հրավիրել է Ռուսաստանի ղեկավարին այցելել Թուրքիա։ Նա նաեւ վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը, «երկու կողմերի ցանկության դեպքում», հյուրընկալել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներին, որպեսզի նրանք կարողանան «շարունակել խաղաղության մթնոլորտի վերականգնման ուղին»։
Պեսկովը հաստատել էր, որ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել հրավերը։ Կրեմլի խոսնակը միաժամանակ մատնանշել է, որ Էրդողանի առաջարկը վերաբերում է հենց երկկողմ շփումներին։
Հինգշաբթի Թուրքիայի նախագահը նաեւ հույս էր հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարը կայցելի հանրապետություն Չինաստան այցից հետո։ Փետրվարի 4-ին Պուտինը Պեկինում ներկա կգտնվի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։