Իրաքյան խմբավորումը հանձն է առել անօդաչուների օգնությամբ ԱՄԷ-ի դեմ գրոհի պատասխանատվությունը
Իրաքյան ռազմականացված «Ալվիյաթ ալ-վաադ ալ-հաք» խմբավորումը հանձն է առել անօդաչուների օգնությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքի դեմ գրոհի պատասխանատվությունը։ Այս մասին տեղեկացրել է Al-Masdar online եմենյան տեղեկատվական պորտալը՝ հղում կատարելով «Անսար Ալլահ» շարժման խռովարար հուսիների մեդիակենտրոնի հայտարարությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ալվիյաթ ալ-վաադ ալ-հաք»-ի հրամանատարությունը հանձն է առել չորեքշաբթի առավոտյան անօդաչուների օգնությամբ Էմիրությունների [տարածքի] ուղղությամբ կատարված գործողության պատասխանատվությունը»,- ընդգծվում է հուսիների հայտարարությունում։
Ավելի վաղ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր երեք անօդաչուների ոչնչացման մասին, որոնք հայտնաբերվել էին երկրի օդային տարածքում չորեքշաբթի առավոտյան։
Մինչդեռ, խռովարարների տարածած հայտարարությունում նշվում է չորս անօդաչուի մասին, որոնք իրաքյան խմբավորումն արձակել էր ԱՄԷ տարածքի ուղղությամբ։
Հունվարի վերջին «Ալվիյաթ ալ-վաադ ալ-հաքը», որը սերտ կապեր ունի Իրաքում տեղակայված իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման հետ, հանձն էր առել Սաուդյան Արաբիայի տարածքի դեմ անօդաչուների կիրառմամբ իրականացված գրոհներից մեկի պատասխանատվությունը։