Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Անկարան հավատարիմ է Կիեւի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը
Թուրքիան հաստատում է իր հանձնառությունն Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության՝ հինգշաբթի Անկարայի եւ Կիեւի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:
«Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը եւ հանդես է գալիս Դոնբասի խաղաղ կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքին համապատասխան,- ասվում է հայտարարության մեջ։ - Փոխադարձ քայլերը, որոնք կձեռնարկվեն առաջիկա ժամանակաշրջանում եւ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 10-րդ նիստի ընթացքում, որը կկայանա այսօր Կիեւում՝ մեր հարգարժան նախագահի մասնակցությամբ, կնպաստեն մեր երկկողմ համագործակցության շրջանակների ընդլայնմանը եւ խորացմանը։ Մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ մենք վերահաստատում ենք մեր կամքը՝ զարգացնելու մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»:
Թուրքիայի ԱԳՆ-ն նաեւ ընդգծել է, որ «Ղրիմի թաթարների իրավունքների եւ շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերը, որոնք Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ բարեկամության եւ համագործակցության կամուրջն են, էլ ավելի են ամրապնդում թուրք-ուկրաինական հարաբերությունները»:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիեւ կժամանի փետրվարի 3-ին։ Սպասվում է, որ կողմերը մի շարք պայմանագրեր կստորագրեն։ Երկկողմանի թեմաներից բացի, Թուրքիայի ղեկավարը մտադիր է Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել Կիեւի եւ Մոսկվայի միջեւ լարվածությունը։