«Բարսելոնայի» հիմնադրամի փոխնախագահը հեռացել է պաշտոնից Նադալի մասին սկանդալային գրառումից հետո
«Բարսելոնայի» հիմնադրամի փոխնախագահ Ալֆոնս Գոդալը հեռացել է պաշտոնից «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալի մասին սկանդալային գրառումից հետո։
Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի նկատմամբ Նադալի հաղթանակից հետո Գոդալը Թվիթերում գրել էր, որ «թշնամական պետության ներկայացուցիչն» է տիտղոս նվաճել։
Կատալոնական ակումբի հիմնադրամի հովանավորներից մեկը սպառնացել է դադարեցնել համագործակցությունը, ինչից հետո Գոդալը որոշել է հեռանալ պաշտոնից, հաղորդում է Sport.es-ը։
«Իմ կարծիքը կարող է վնաս հասցնել հիմնադրամին, որոշ ընկերությունների եւ լրատվամիջոցների ճնշման հետեւանքով։ Չեմ ցանկանում, որ իմ պատճառով հիմնադրամը գումար կորցնի։ Ես հեռանում եմ»,- գրել է Գոդալը Թվիթերում։
Գոդալը Կատալոնիայի անկախության կողմնակից է։