Նյու Մեքսիկոյում զինված կողոպտիչը ներողություն է խնդրել, գումար է տվել տուժողներին ու շփոթված հեռացել է
Նյու Մեքսիկոյում բնակարանի տերերը զարմացել են, երբ իրենց տանը հայտնաբերել են զինված կողոպտչի, ով ներողություն է խնդրել, գումար է տվել տուժողներին ու շփոթված հեռացել է։
Սանտաֆեի շերիֆի գրասենյակի ոստիկանական զեկույցի համաձայն՝ տղամարդը քնել է, լողացել, ճաշել եւ գարեջուր խմել քաղաքի ծայրամասում գտնվող տներից մեկում, մինչ տերերը վերադարձել ու գտել են նրան:
Նա ունեցել է AR-15 օպտիկական ինքնաձիգ, սակայն չի սպառնացել, չի խլել թանկարժեք իրերը կամ այլ իրեր։ Փոխարենը նա տանտերերին տվել է 200 դոլար՝ որպես «փոխհատուցում իր կոտրած պատուհանի համար», ասվում է զեկույցում:
Մոտ 20-ամյա կասկածյալը նաեւ իր մասին է պատմել՝ ասելով, որ ինքը ինչ-որ մեկից փախել է, եւ որ իր ընտանիքը սպանվել է Տեխասի արեւելքում: Նա ասել է, որ իր մեքենան Սանտաֆեից ոչ հեռու փչացել է: Տանտերերը իշխանություններին հայտնել են, որ տղամարդը «չափազանց շփոթված էր եւ ներողություն էր խնդրում կատարվածի համար»:
Կասկածյալը սպորտային պայուսակով եւ զենքով դուրս է եկել ու անհետացել։